Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թբիլիսում ավարտեց իր հարավկովկասյան այցը: Վրաստանի մայրաքաղաքում նա հանդիպել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Կողմերը քննարկել են Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելու, ուկրաինական ճգնաժամին առնչվող հարցեր: ԵՄ-ն խստացնելու է պատժամիջոցները Ռուսաստանի և ՈՒկրաինայի ռուսամետ անջատողականների նկատմամբ, եթե մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները տապալվեն, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ հանդիպումից հետո:
«Մենք պետք է խիստ դիրքորոշում ունենանք Ռուսաստանի հարցում։ Նրա նկատմամբ պատժամիջոցները կուժեղացվեն, եթե ինչ-որ պատճառով նախագահական ընտրությունները չկայանան կամ ՈՒկրաինայում հերթական ապակայունացումը տեղի ունենա»,-ասել է Օլանդը։ Գեորգի Մարգվելաշվիլին չի ընդունում ՈՒկրաինայի հարավ-արևելյան շրջանների հանրաքվեների արդյունքները: Նա հայտարարել է ՈՒկրաինայի նախագահական ընտրություններին աջակցության և երկրի տարածքային ամբողջականության սատարման մասին։
Օլանդն անդրադարձել է նաև Վրաստանի հարևաններին՝ նշելով, որ Վրաստանը մասնակցում է տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու փորձերին: «Մենք միասին ենք ելք փնտրում ստեղծված իրավիճակից, և այս հարցում ակնկալում ենք Վրաստանի գործընկերությունը»,- ասել է նա: Ֆրանսիայի նախագահը ցանկանում է ունենալ «Վրաստանի գործընկերությունը՝ այդ երկու երկրներին վստահության նշաններ ուղարկելու համար»: